Համազգային պայքարը

1. Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր: Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12–ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը: Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին
պետականացման: Քանի որ  Հայոց եկեղեցու ունեցվածքից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները և մշակութային այլ հաստատություններ հայերի մոտ ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց գրեթե բոլոր խավերի մեջ: Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը: Սկսվեց ազգային իրավունքների պատպանության համար շարժում: Բոլոր շրջանների հայերը ոտքի կանգնեցին և համախմբվեցին: Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թ. հուլիսի 29–ին Ալեքսանդրապոլում: Հաջորդ ամիսներին հուժկու ելույթներ ու կառավարական ուժերի հետ բախումներ եղան Երևանում, Գանձակում, Թիֆլիսում, Բաքվում, Լոռիում և այլուր: Պայքարի ձևերից մեկն էլ դարձավ հայատյաց պաշտոնյաների ահաբեկումը, որն իրականացնում էին ազգային– հեղափոխական կուսակցությունները: 1903 թ. հոկտեմբերին հնչակյանները Գ. Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, սակայն վերջինս ողջ մնաց: Հայության համազգային պայքարը շարունակվեց երկու տարի և ի վերջո պսակվեց հաջողությամբ: Հայատյաց կառավարչապետը հեռացվեց պաշտոնից, իսկ հակահայ
օրենքը 1905 թ. օգոստոսի 1–ին չեղյալ հայտարարվեց: Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական տարրական
դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը:

2. Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

Ռուսաստանում սկսված հեղափոխությունը Նիկոլայ II-ին ստիպեց դիմել կտրուկ քայլերի: Հեղափոխությունը թուլացնելու համար ցարիզմը կրոնական և ազգային թշնամանք բորբոքեց կայսրությունում ապրող ազգերի և ժողովուրդների մեջ: Դրա հետևանքով Այսրկովկասում կռիվներ ծավալվեցին հայերի և թաթարների միջև: Հայ–թաթարական բախումը սկիզբ առավ 1905 թ. փետրվարի 6–ին: Բաքվի նահանգապետ
Մ. Նակաշիձեի անմիջական հրահրմամբ տեղում սկսված հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր: Անակնկալի եկած Բաքվի հայ բնակչությունը պատրաստ չէր դիմադրելու և զգալի կորուստներ ունեցավ: Սակայնհայերը շատ արագ
համախմբվեցին և հայդուկապետ Նիկոլ Դումանի գլխավորությամբ արժանի հակահարված տվեցին հակառակորդին: Ազգամիջյան կռիվները շուտով տարածվեցին
երկրամասի այլ նահանգներ: Ընդհարումներ եղան Երևանում, այնուհետև Բաքվում,
փոխարքայության կենտրոն Թիֆլիսում և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Հայ–թաթարական ընդհարումները երկրամասում շարունակվեցին
մինչև 1906 թ. սեպտեմբերը: Այդ ժամանակ արդեն առաջին հեղափոխությունն
անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումը:

3. Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող անձանց մասին:

Ինքնապաշտպանության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց ՀՅԴ կուսակցությունը: Նիկոլ Դումանը Բաքվից հետո ղեկավարեց Երևանի նահանգի, Վարդանը՝ Ղարաբաղի,
Արմեն Գարոն՝ Թիֆլիսի ինքնապաշտպանությունը: Կռիվներում աչքի ընկան Քեռին,
Սևքարեցի Սաքոն, Դրոն, Համազասպը, Մուրադը և շատ ուրիշներ: Առավել հայատյաց
գործիչների նկատմամբ դաշնակցությունը մահապատժի վճիռ կայացրեց: Դրոն Բաքվում սպանեց Մ. Նակաշիձեին: Նման պատժի արժանացան նաև Նախիջևանի հայերի կոտորածի կազմակերպիչ գեներալ Դ. Ալիխանով–Ավարսկին և շատ ուրիշ
հայատյաց պաշտոնյաներ: Ազգային իրավունքների համար զինված պայքարում
զգալի ներդրում ունեցավ նաև Հնչակյան կուսակցությունը: Վերջինիս մարտական խմբերը մասնակցեցին Նախիջևանի, Էջմիածնի և այլ գավառների հայության ինքնապաշտպանությանը: Զանգեզուրում էր մարտնչում հնչակյան հայտնի գործիչ
Փարամազի (Մատթեոս Սարգսյան) խումբը: Այդ ծանր ժամանակաշրջանում իր ժողովրդի կողքին էր և նրան աջակցում էր Հայոց եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ: Հայության երկու հատվածների
ազատամարտիկներին մեկտեղել էր ազգային միասնության և սեփական իրավունքների պաշտպանության վեհ գաղափարը:

4. Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ:

Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն ու ինքնուրույնությունն է: Թումանյանի մուտքը հասարակական կյանք սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջերին: Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին: Դրանով է բացատրվում 1895-ի նրա մասնակցությունը Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնող կոմիտեների աշխատանքին Թիֆլիսում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Էջմիածնում և այլուր: 1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը:Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը: