Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14 դարերում: Կրթական համակարգը: Պատմագրությունը:

10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Այդ ժամանակ դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Արդեն 9-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7-8 տարի։ 10-14-րդ դարերում ուսումնական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Բաբունին, Գրիգոր Տաթևացին։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Իրենց գիտամանկավարժական գործունեությունը այստեղ են անցկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Վարդան Արևելցին, Դավիթ Ալավկաորդին և ուրիշներ։ Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։ 12-րդ դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Հայկական կրթական մշակույթային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը։ 1280-ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը։ 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 15-րդ դարի առաջին սկիզբը համալսարանի համալսարանի առաջացման գործունեության շրջանն էր։ Նրա ուսումնական և գիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ ՝ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։ Հայտնի էր նաև Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում։ Մանրանկարչության, արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռոմկլայի կաթողիկոսարանյին դպրոցը։

  • Պատմագրությունը

9-րդ դարի վերջերից սկսած ՝ հայ պատմագրությունը վերելք է ապրում։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրությաննոր ժանրեր ՝ համաշխարհային պատմությունը և տարեգրությունը։ Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին կամառոտ ՝ ըստ ժամանակագրական հերթականության։ Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նա իր «Հայոց Պատմություն» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի առասպելից և հասցնում իր ապրած ժամանակաշրջանը ՝ 10-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Նրա «Պատմություն» աշխատությունը ներառում է 1000-1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները ՝ հայ-բյուզանդական հարաբերությունները և սելջուկների արշավանքները։ 13-րդ դարի պատմագիր է Կիրակոս Գանձակեցին։ Նրա «Հայոց Պատմությունը» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ. ընկած ժամանակահատվածը։ Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը ՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին։ Նրա աշխատությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»։ Համաշխարհային պատմության շարադրելու երկրորդ փորձը կատարեց 13-րդ դարի նշանավոր մատենագիր ՝ Վարդան Արևելցին։ Նրա «Տիեզերական պատմություն» աշխատությունը ընդգրկում է «անսկիզբ ժամանակներից» մինչև 1267 թվականը։ 10-14-րդ դարերի հայ պատմագրության մեջ շարունակվում էր Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքը։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին է։ Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչը Թովմա Արծրունին էր։ Նրա «Արծրունիների տան պատմության» աշխատությունը նվիրված է Վասպուրականի նահանգի և Արծրունիների տոհմի պատմությունը։ 13-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը նվիրված է Սյունիքի նահանգի պատմությունը։ 13-րդ դարի նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը։ Իր «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ պատմում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները և Կիլիկյան Հայաստանի պատմական դեպքերը։ 10-14-րդ դարերի հայ պատմիչների աշխատությունները կարևոր սկզբնաղբյուր է ոչ միայն հայ ժողովրդի, այլ Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար։

Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ

Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույները, ասորիները և արաբները։ Հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն  է: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը։ Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները։ Այդ խնդիրը լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Կոնստադինին հաջորդեց նրա որդի ՝ Թորոս Ա-ն։ Նա Կիլիկյան Հայաստանի սահմանները ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիսը և Անավարզա քաղաքները ՝ դարձնելով վերջինիս մայրաքաղաք։

  • Լևոն Մեծագործի քաղաքականությունը

Թորոսին հաջորդեց նրա եղբայր ՝ Լևոն 1-ը։ Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկիային։ Լևոնը Բյուզանդացիներից խլեց ՝ Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները։ Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով։ 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները: 1137թ. գարնանը բյուզանդական մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքներ։ Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս։ Ի վերջո Վահկան ևս հանձնվեց։ Լևոնի կնոջ և երկու որդիների ՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս։ Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյությոգն ունենալուց։ Գերված Լևոնը մահացավ բանտում, իսկ Ռուբենին կայսեր հրամանով մահապատժի ենթարկեցին։ Թորոսը փախուստի դիմեց, վերադարձավ Կիլիկիա և գլխավորեց հայ ժողովրդի ազատագրական պայքարը։

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին մայրաքաղաք

  • Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
    Աշոտ III Ողորմած  Հայոց թագավոր 953 թ.–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ III–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թ.–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թ.–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ III հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Աշոտ III — ը «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։
    Սմբատ II Տիեզերակալ, Հայոց թագավոր 977–ից։ Բագրատունիներիարքայատնից։ 958–ին դարձել է հոր ՝ Աշոտ III Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ II–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ I–ինը։ Վերջինս 982–ին Սմբատ II–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ II-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։
  • Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97/.
    աջորդել է եղբորը՝ Սմբատ II -ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ I -ինը զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։
  • Աշոտ 3-րդի կառավարման շրջանում երկրի ունեցած հաջողությունները:
    Աշոտ 3-ը լավ վերաբերմունք էր ցույց տալիս աղքատներին, այդ իսկ պատճառով կրում է Ողորմած մականունը: Նա բանակը ամրապնդեց: Շինարարական աշխատանքներ եղան: Մայրաքաղաքը Կարսից տեղափոխվեց Շիրակի Անի քաղաքը:

Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961թ. հռչակեցին մայրաքաղաք: Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց:

Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար: 963-964թթ. կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը: Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989թ., անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը:

Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար: Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ:

  • Սմբատ 1-ին

Աշոտ 1-ը մահացավ 890թ. և իր հաջորդ Սմբատ 1-ին թողեց ամուր և միավորված երկիր։ Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին և արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը ՝ ճկուն դիվանագիտություն խուսանավելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության միջև։ 892թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը ՝ Դվինը, ձերբակալեց արաբներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները և Գուգարքի Ջավախք գավառը։ Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմտուտքում ՝ Եփրատ, հյուսիսում ՝ Վիրք և հարավում ՝ Տավրոսի լեռները։ 892թ. Սմբատ 1-ը օգնեց վրացիներին և Վիրքից դուրս վտարեց արաբներին։ Նրա օժանդակությամբ վրաց Բագրատունիներից Ատրենսեհը դարձավ Վրաստանի թագավոր։ 893թ. Սմբատ 1-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Նույն թվականին Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որից զոհվեցին բազմաթիվ մարդիկ։ Հայ-բյուզանդական պայմանագիրն անհանգստացրեց Ատրպատականի արաբական ամիրայությունը։ Այնտեղի Սաջյան տոհմի առաջնորդը ներխուժեց Հայաստան և գրավեց Նախճավանը, հետո ՝ ավերված Դվինը։ 894թ. Արագածոտն գավառի Դողս գյուղում հայոց զորքերը Սաջյանի ամիրայի նկատմամբ տարան փայլուն հաղթանակ և արաբներին վտարեցին Հայաստանից։ Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆը հաջողություն չհասնելով ռազմական ճանապարհով, փորձեց օգտագործել հայ իշխանների միջև ծագած վիճելի հարցերը։ 908թ. Յուսուֆը ՝ օգտվելով առիթից թագ ուղարկեց Գագիկ Արծրունուն և նրան խալիֆի միջոցով ճանաչեց Հայաստանի թագավոր։ Շուտով Յուսուֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ։ Տեղի ունեցած ճակատամարտում Սմբատի բանակը անհաջողություն կրեց։ Հայոց թագավորը ստիպված փակվեց Կապույտ բերդում։ Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին։ Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը։ Հակաարաբական պայքարը շարունակեց Նախճավանի Երնջակ բերդի կայազորը։ Յուսուֆը Հայոց Թագավորին բերեց Երնջակի պարիսպների մոտ և պահանջեց ու հրամայեց զենքը վայր դնել ու հանձնվել, բայց քաջայրի արքան պաշտպաններին կոչ արեց շարունակելու դիմադրությունը։ Գազազած Յուսուֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին։

  • Աշոտ 2-րդ Երկաթ

 Աշոտ Երկաթը Հայոց Թագավոր Սմբատ 1-ի ավագ որդին է և գահը ժառանգել է 914թ. հոր եղերական մահից հետո։ Աշոտ 2-ին իր քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ։ Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին։ Աշոտ Երկաթը գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել։ Գահակալելուց հետո մյուս եղբոր Աբասի հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը և Աղստևի Հովիտը ու ջախջախել է արաբական կայազորը։ 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Երկաթը մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Երկաթըփոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը: Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը վերականգնել է Հայաստանի անկախությունը և միասնականությունը ու 922 թ-ին նա ճանաչվել Շահնշահ Հայոց և Վրաց թագավոր։

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը: Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգման համար կային նպաստավոր պայմաններ։ Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Այդ գործում մեծ հետաքրքրության հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին։ 869թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը, սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ Բյուզանդական կայսր Վասիլ(Բարսեղ) 1-ը, ով հայկական Մակեդոնական արքայատոհմի հիմնադիրն էր, որոշեց դաշինք կնքել Հայաստանի հետ։ 876թ. նա հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունու մոտ։ Վասիլը հայտնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին և նրանցից թագ է խնդրում։ Աշոտը թագ է ուղարկում Վասիլին։ Այս խորհրդանշական գործողությամբ ավելի է աճում Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում։ Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում։ Հատուկ հանձնարարությամբ խալիֆը Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի։ Նա արաբների հետ որոշեց բարեկամություն հաստատելու պատրվակով հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել նրանց։ Աշոտ Բագրատունին հանդես բերեց մեծ զգուշություն և հետևեց արաբների բոլոր գործողություններին։ Նրա ուղարկած մարդիկ ձերբակալեցին ոստիկանի սուրհանդակներին։ Արաբների մոտ հայտնաբերվեց ոստիկանի նամակը ՝ ուղղված գանձակի ամիրային, որտեղ շարադրված էր Դվինում հայ իշխաններին ծուղակի մեջ գցելու ծրագիրը։ Աշոտի խորհրդով Դվին ներկայացան հայոց զորքը։ Սպարապետ Աբասը, մտնելով Գանձակի վրանը և ցույց տալով հայտնաբերված նամակը, ձերբակալեց նրան։ Ապա ստորացնելու նպատակով հայերը նրան ձիու փոխարեն հասցնում են Հայաստանի հարավային սահմանը և վտարում են երկրից։ Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։ Արաբները ստիպված էին փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Խալիֆը 885թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում են Հայոց Թագավոր։ Այդ փաստը անհանգստացնում է Բյուզանդիային, ուստի Աշոտին շտապում է թագ և. արքայական հանդերձանք ուղարկել նաև կայսր Վասիլ 1-ին։ 885թ. օգոստոսի 26-ին Շիրակ գավառում ՝ աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց Թագավոր ՝ Աշոտ 1 անունով։ Օծումը մեծ հանդիսավորությամբ իրականացնում է կաթողիկոս Գևորգ Գառնեցին։ Հայաստանի ՝ դեռևս 885 թվականին ձեռք բերված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ունեցավ 30 տարի անց։

Բագրատունյաց առաջին արքան խելացի և փորձառու քաղաքական գործիչ էր։ Աշոտ 1-ը մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Աշոտ 1-ը ճնշեց Վանանդի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը ՝ Կարս կենտրոնով միացրեց իր պետությունը։ Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նստավայրը։ Խաղաղ ճանապարհով Աշոտ 1-ը կարողացավ իր ազդեցությունն ամրապնդել Սյունյաց և Արծրունյաց զորեղ իշխանների վրա։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին նաև Մանազկերտի, Արճեշի, Բերկրիի և այլ շրջանների արաբական ամիրայությունները։ Մի քանի արշավանքներից հետո հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։ Շնորհիվ այդ հանգամանքների ՝ ամրապնդվեցին Աշոտ Բագրատունու բարեկամական կապերը վրացիների և աղվանների հետ։ Աշոտ 1-ը նոր կալվածքներ տվեց թուլացած իշխաններին։ Երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան։

Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9 դարերում: Մեսրոպ Մաշտոցը և հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստանալով Տարոնում ՝ նա մեկնում է Վաղարշապատ և Խոսրով 4-ի արքունիքում անցնում է զոնվորական ծառայության։ Մաշտոցը հիանալի տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում։ Մաշտոցը գնում է Նախիջևանին հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ։ Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ։ Մեսրոպ Մաշտոցը Գողթան գավառից վերադառնում է Վաղարշապատ։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում է նրա հավանությունը։ Գումարվում է եկեղեցական ժողով։ Որոշվում է «հայ ազգի համար նշանագրեր գտնել»։ Վռամ Շապուհ արքան նույնպես, պետական անհրաժեշտության համարելով այդ գործը և խնդրին շուտափույթ լուծում տալու համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Վռամ Շապուհի կարգադրությամբ Մաշտոցը նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Եդեսիա։ Եդեսիայում Մաշտոցը 405թ. ստեղծում է Հայոց Այբուբենը։ Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր . «Ճանաչել զիմաստութիւուն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Մեծ Հայքին վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին դիմավորում ենՎռամշապուհ արքան, Սահակ Պարթևը, կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմությունը և ուղեկցում են մայրաքաղաք։

Ոսկեդար

5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողչական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հզոր ապստամբությունը, իսկ Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգման ուղղված հայ գործիչների ջանքերին։ Մովսես Կաղականտվացին իր «Աղվանից աշխարհի պատմությունում» գրել է Հայոց Արևելից կողմանց ՝ Արցախ և Ուտիք աշխարհների մասին։ 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։

Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում: Վարդանանց պատերազմը

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր:

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում` Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք:

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար: Արշակ 2-րդ: Պապ թագավոր

Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: պատերազմը հայտարարելու, հաշտության կնքելու,արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում է թագավորին: Երկրի կառավարման և պաշտոնության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները արքունի գործակալությունները: Թագավորը գործակալությունների ղեկավարների գործակալների (հազարապետ, սպարապետ, մարդպետ, մեշ դատավոր,թագադիր ասպետության և այլն) միջոցով կառավարում էր երկիրը: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական-հարկային գործը: Այս պաշտոնը Արշակունիների օրոք վարում էին Գնունիները և Ամատունիները: Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Այլ պաշտոնի հիմնականում զբաղեցնում էին Մամիկոնյանները: Մարդպետ հսկում էր արքունի կալվածները և գանձարանը: Գործակալության ղեկավարում էին մարդպետունիները: Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում պատկանում էր հայոց կաթողիկոսին: Թագավորական շրջանում «թագակիր ասպետության» գործակալության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր և պալատական արարողությունները ղեկավարելը: Այդ գործակալությունը տնօրինում էին Բագրատունիները:

354 թ. Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոնների համաձայն` կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից` ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին:

Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի: Հոգևորականների հարազատներին պարտադրվում է պետական և զինվորական ծառայություն կատարել: Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է: Պապի անկախ քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը: 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են:

Թեմա 12. Պետական կառավարման համակարգը

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Հայաստանի Հ. Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրա — կան արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզի:Դրանք են՝ Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գ եղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ: Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

7– րդ դասարան

Թեմա11.Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը

Հասարակական նոր հարաբերությունների հիմքում ընկած էր հողի մասնավոր սեփականությունը և կալվածատճրական հողատիրությունը։ Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից էլ ծագել է հասարակության «ավատատիրական» անվանումը։ Վաղ միջնադարում Հայաստանում կային հողատիրության մի քանի ձևեր։ Մեծ Հայքում մինչև 428թ. հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Նա էր ամենախոշոր հողատերը։ Հնուց եկող սեփականության ձևերից էր համայնական հողատիրությունը։ Համայնական հողերը բաժանված էին հարկեր վճարող մեծ ընտանիքների ՝ երդերի միջև։ Գյուղական համայնքները թագավորական գանձարանի հիմնական հարկատուներն էին։ Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էր բնամթերքով։ Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները ՝ բդեշխները, գործակալները և նախարարական տոհմի անդամները։ Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը։ Այն կոչվում էր հայրենական։ Պետական պաշտոնյաներին, հատկապես զինվորականների ծառայության համար թագավորի շնորհած հողերը հայտնի էին պարգևականք անունով։ Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքները կոչվում էին գանձագին։ 4-րդ դարում Հայոց թագավորը հողեր էր շնորհում նրա եկեղեցուն։ Միջնադարում առաջացավ հողատիրության վանքապատկման ձևը։ Երկրի կենտրոնում ՝ Միջնաշխարհում էին արքունի հողային տիրույթները։ Արտաշատ մայրաքաղաքի գավառը կոչվում էր Ոստան Հայոց։ Այստեղ ապրում էին թագավորը, թագուհին և արքայորդիները։ Թագավորական ընտանիքի մյուս անդամները ՝ Արշակունի սեպուհները (արքայազները) նույնպես կալվածքներ ունեին։ Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ ենթակայական համակարգ կամ աստիճանակարգություն։ Աստիճանագրի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, ապա ՝ գործակալ նախարարները։ Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր։ 5-րդ դարի վերջին Վահան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը։ Մարզպանական Հայաստանը կոչվում էր Տանուտերական Հայաստան։ Ինչպես թագավորական, այնպես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը։ Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի ՝ ազատների և անազատների։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը ՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էր բարձր ազատների դասին։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ։ Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները։

  • Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.

Տրդատ 3-ի հրամանով Գրիգոր Պարթևը 13 տարի անցկացրել էր Խոր Վիրապի բանտում։ 3-րդ դարի վերջին Հռոմից Հայաստան էին փախել Հռիփսիմյան կույսերը։ Տրդատ 3-ի որոշմամբ նրանց մահապատժի էին ենթարկել։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում։ Սուրբ Գրիգորի կոչով սկսում են կառուցել Հռիփսիմյան կայսերի վկայանները։ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում երևացել է Միածնի ՝ Քրիստոսի իջած տեղը, որտեղ և կանգնեցվել է խաչի նշանը։ Այստեղից էլ ծագել է Էջմիածին (Իջավ Միածին) անունը։ Հայաստանի բոլոր կողմերից Տրդատ 3-րդ Մեծի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը և գավառապետները հավաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսավորչին կարգում որպես քահանայապետ։ Ս. Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիայի Մաժակ-Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս։ Այնուհետև վերադառնում է Հայաստան։ Բագավանի Նպատ լեռան ստորին մասում։ Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են Գրիգոր Լուսավորչին։ Լուսաբացին նա արքունիքին, զոէքին և ժողովրդին Արածնիի ջրերում մկրտում է։ 301թ. քրիստոնեությունը առաջինը Հայաստանում հռչակվեց որպես պետական կրոն։ Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ։ Դարեր շարունակ Հայ եկեղեցին եղել է ազգային միասնականության հոգևոր գրավականը։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո պահպանվեցին հնուց եկող տոները և ծեսերը։ Դրանք դարձան ազգային եկեղեցական տոները ՝ Ամանորը, Տրնդեզը, Բարեկենդանը, Վարդավառը, Խաղողօրհներքը և այլն։ Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը։ Նախաքրիստոնեական ճարտարապետության ոճերի համադրմամբ առաջացավ եկեղեցաշինությունը, ստեղծվեցին խաչքարեր։