Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան  հնդիկների  հեքիաթներից)

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ


Ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

Բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:  Նադեր Էբրահիմի 

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Առաջադրանքներ


Ա) Մեկնաբնե՛ք հետևյալ մտքերը․

  • Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
  • Երբ  հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
  • Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց
  • Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
  • Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…

Բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
  • Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։
  • Սրտում կարող է իշխել միայն սերը։

Նամակ  դստերը։ Ֆրենսիս  Սքոթ  Ֆիցջերալդ

Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:

Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:  Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:  Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:  Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
Սիրում  եմ  քեզ՝  Հայրիկ:

Առաջադրանքներ


Ա) Դո՛ւրս գրեք այն նախադասությունները, որոնք համապատասխանում են հետևյալ մտքերին․

  • ապրի՛ր ներկայով
  • մի՛ մտածիր, թե հետո ինչ կլինի
  • մի՛ կարևորիր ուրիշի կարծիքը
  • վախկոտ մի՛ եղիր
  • անելիքիդ լո՛ւրջ մոտեցիր։


Բ) Դո՛ւրս գրեք նախադասություններ, որոնք գրված մտքերին հակասում են․

  • Պետք չէ մտածել՝ ուրիշներից լա՞վն ես, թե՞ վատը։
  • Մի՛ կարևորիր, թե ինչպես ես տիրապետում  սեփական մարմնիդ։
  • Երջանկությունն ու դժբախտությունն են որոշում քո կյանքի ընթացքը։

Կարևոր չէ, թե ինչպես ես հաղորդակցվում մարդկանց հետ

Ջրի  կաթիլը:  Հանս Քրիստիան Անդերսեն

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլորիրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթենայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավորզարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեևկան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  միամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանցառջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  էհամարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ  հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնելսովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նցէին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում,կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնելդրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որհեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծկարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մեերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էրմյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացողմարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայցամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անումիրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդիննայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկնիր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էինպրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծքաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Առաջադրանքներ


Ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

 • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:


Բ) Սեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Երկիր  Նաիրի:  Եղ. Չարենց (հատված)

Նաիրյան  այդ  հնամյա  քաղաքն  ամեն  ինչով  նման  էր  նաիրյան  բոլոր  հին  ու  նոր  քաղաքներին.-  փոքր  էր,  ոչ  բազմամարդ,  խարխուլ  ու  փոշոտ.  ժամանակակից  լեզվով  այդպիսի  քաղաքներին  ասում  են  -գավառական  հետամնաց  քաղաք:  Ե՞րբ  է  շինված  նաիրյան  այդ  հին  քաղաքը  -աստված  ինքը  գիտե.  բայց  ասում  են,  որ  այդ  քաղաքը  հիմնողները  եղել  են  հին  նաիրցիներ.-  գուցե՝  խալդեր  լայնաթիկունք  ու  ջլաբազուկ,  գուցե՝  գանգրահեր  ուրարտացիներ:  Սակայն  պատմական  այդ  հանգամանքը,  կարծում  ենք,  այնքան  էլ  կարևոր  չէ,  որովհետև   խալդական  կամ  ուրարտական  այն  հին  քաղաքից  հիմա  երևի  տեղն  էլ  չէ  մնացել.  նրանց  այն  կավե  գետնափոր  խրճիթների  փոխարեն  կանգնած  են  հիմա  նաիրյան  այդ  փոքրիկ  քաղաքում  քարե  միհարկանի,  երկհարկանի  և  նույնիսկ  երեքհարկանի  շինություններ՝  տներ  ու  խանութներ,  որոնք  նույնքան  են  նման  ուրարտական  այն  հին  խրճիթներին,  որքան  քո  քիթը,  ընթերցող…  Էյֆելյան  աշտարակին:  Այդ  նոր  տներից  ու  խանութներից  մի  քանիսը  նույնիսկ  թիթեղե  կարմիր  կամ  կանաչագույն  կտուրներ  ունեն  —  մի  հանգամանք,  որ  քսաներորդ  դարից  է  գալիս  -և,  որպես  այդպիսին,  նոր  է  և  միանգամայն  ուշագրավ:  Քաղաքի  ցածլիկ  տների  ու  խանութների  միօրինակ  ծովում  թիթեղե  այդ  կտուրներն  աչքի  են  զարնում,  ինչպես  աչքի  կզարներ  կանացի  եվրոպական  փետրազարդ  գլխարկն՝  արևելյան  գյուղում:

Եվ  իզուր  չէ,  որ  նաիրյան  այդ  քաղաքում  մինչև  օրս  էլ  մի  անհուն  վախով  ու  պատկառանքով  են  խոսում  այն  անձնավորության  մասին,  որն  առաջին  անգամ  թիթեղե  կտուրով  է  ծածկել  իր  երկհարկանի  բնակարանը.  դա  բոլորին  հայտնի,  բոլորից  հարգված,  այսպես  անվանված  Գեներալ  Ալոշն  է,  ութսունն  անց  պատկառելի  մի  նաիրցի,  որի  հետ  ընթերցողը  դեռ  շատ  առիթ  կունենա  հանդիպելու  սույն  իմ  այս  պոեմանման  վեպում:

Տները,  ինչպես  ասացի,  նաիրյան  այդ  քաղաքում  ցածլիկ  են,  մեծ  մասամբ  միհարկանի,  տափակ  կտուրներով,-  բայց  տների  ու  խանութների  այդ  միօրինակ  տափակության  ծովում,  քաղաքի  ճիշտ  կենտրոնում,  որպես  ուրիշ  մի  աշխարհից  կամ  երկնքից  ընկած  քարե  մի  հրաշք-կանգնած  կա,  երևակայո՞ւմ  եք…  հինգհարկանի  մի  հսկա,  քարե  մի  թյուրիմացություն…  Ծխական  դպրոցի  ծանոթ  ուսուցիչ  պ.  Մարուքե  Դրաստամատյանը,  որ  պակաս  մի  հրաշք  չէ  նաիրյան  այդ  քաղաքում,  ամեն  անգամ  այդ  շինության  մոտից  անցնելիս  ասում  է  ինքնիրեն  կամ,  եթե  խոսակիցներ  է  ունենում  -նրանց.  «Ուրի՛շ  բան  ենք  մենք,  ուրիշ  -եվրոպացիք…  Ա՛յ»:  Եվ  նա  հիացած  աչքերով  նայում  է  հինգհարկանի  շենքի  տարօրինակ—  փոքրիկ  քառակուսի  պատուհաններին:  «Դեռ  մենք  շատ  ենք  հետամնաց»,  —  ասում  է  նա:  Այսպես  է  մտածում  պ.  Մարուքեն-և  նա,  իհարկե,  ունի  իրավունք.-  պ.  Մարուքեն  ավարտել  է  տեղական  քաղաքային  յոթնամյա  դպրոցը  և,  իրերի  անհայտ  բերումով,  երկու-երեք  ամսով  եղել  է  Բեռլինում.-  գոնե  այսպես  է  հավատացնում  ինքը,  պ.  Մարուքեն:  Նա  սիրում  է  միմիայն  նորն  ու  կատարյալը  -և  չի  կարող  տանել  ոչ  մի  հնություն:  Այսպիսով  նա,  միանգամայն  իրավացիորեն,  եվրոպացու  հռչակ  է  վայելում  նաիրյան  այդ  քաղաքում  և  բոլորը,  մեծ  թե  փոքր,  բացի  երկրորդ  ծխականի  ուսուցիչ  ընկ.  Վառոդյանից,  հարգում  են  նրան:

Բայց  քաղաքը,  բացի  այդ  հինգհարկանի  հրաշք-շինությունից,  ուներ  մի  շարք  տեղական  հրաշալիքներ,  որոնցով  դժբախտաբար  չէր  հետաքրքրվում  պ.  Դրաստամատյանը:  Սակայն  ինչ  ուզում  է  պ.  Մարուքեն  կարծե  -առանց  այդ  հրաշալիքների  նաիրյան  այդ  քաղաքը  եթե  ոչ  իր  ամբողջ  հմայքը,  գոնե  իր  հմայքի  կեսից  ավելին  անպայման  կկորցներ  -հենց  իրենց,  այդ  քաղաքի  բնակիչների  աչքում:  Եվ  ճիշտ  որ.  ինչո՞ւ  համար  կատարյալ  հրաշալիքներ  չեն  կարող  համարվել  —  թեկուզ  հենց  Բերդը  կամ,  ասենք,—  Վարդանի  կամուրջը  կամ  վերջապես  -Առաքելոց  եկեղեցին…  Իսկ  ձորի  Սլլան  քա՞րը,  Ճգնավորի  մատո՞ւռը,-  ո՞րը  թվեմ:-  Բոլորն  էլ  հրաշք  են,  զարմանալի  զարմանք,  անկարելի  հնճարք:

Առաջադրանքներ


Ա)  Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.

  • քաղաքը հին է,
  • քաղաքը եվրոպական չէ,
  • գավառական հետամնաց քաղաք է
  • քաղաքը նաև կարելի է նոր համարել,
  • քաղաքն ունի հրաշալիքներ։

            Բ) Բնութագրե՛ք Մարուքե Դրաստամատյանին։ Ցո՛ւյց տվեք հեղինակի վերաբերմունքն այս հերոսի նկատմամբ։

Գավառական  նամականի: Ակսել Բակունց

Խաղաղ  և  իր  քեֆին  ապրում  է  փոքրիկ  քաղաքը,  որ  գրպանի  քարտեզի  վրա  չի  էլ  նշանակված  թեկուզ  որպես  միջակետ:  Կարծես  դիտմամբ  հեռացել  է  այս  անկյունը  խուլ,  որ  իրեն չխանգարեն,  շատ  եռ  ու  զեռով,  ժխորի  աղմուկով  իրեն  չնեղացնեն:

Ապրում  է  իր  քեֆին,  կատարում  է  այն  ամենը,  ինչ  հարկ  է,  աշխատում  է  նմանվել  մեծ  քաղաքներին  և  օրինակ  դառնալ  շրջակա  գյուղերի  համար:  Փոքրիկ  այդ  քաղաքը  գավառի  կենտրոնն  է,  նրան  են  նայում  հարյուրավոր  գյուղեր՝  թառած  լեռան  կատարին,  խոր  ձորերի  մեջ  ընկած  գյուղեր:

Դրսի  աշխարհի  հետ  ունեցած  կապը  փոստն  է,  որ  գալիս  է  անկանոն,  բեռը  կես  ճամփին  թողնում,  որ  հետո  վերադառնա  բերի.  կապը  ծուռ  ու  մուռ  խճուղին  է,  որ  լղար  եզան  պես  կողքի  ճաղերն  է ցցել,  կապը՝  հեռագրի  մի  բարակ  թելն  է,  որ  անցնում  է  տասնյակ  վերստեր  անմարդաբնակ  սարերով,  կտրում  հավիտյան  ձյունապատ  լեռների  կատարներ,  իջնում  անդնդախոր  ձորեր  և  հասնում հեռավոր  երկաթուղուն:  Շատ  հաճախ  է  գիծը  կտրվում.  ձյան  հյուսեր,  սարի  քամի,  փոթորիկ  պոկում  են  սյունը  տեղից:  Սարերով  անցնելիս  մեկ  էլ  հանկարծ  հանդիպում  ես  հեռագրասյուների ուղիղ  շարքին  ու  բարակ  երկաթալարին,  որ  կանչում  է  ասես  հուսակտուր  ու  խեղճ՝  մեծ  քաղաքին  հաղորդում,  որ  այնտեղ,  երկաթուղուց  հարյուրավոր  վերստեր  հեռու,  լեռներով  փակված  մի գետահովտի  վրա  անհոգ  ընկած  գավառական  փոքրիկ  քաղաքում  ևս  կա  մոլեկուլյար  աշխատանք,  այնտեղ  էլ  են  շինում,  այնտեղ  էլ  է  բաբախում  թեկուզ  մի  երակ,  որ  տանում  է  դեպի  սիրտը՝  լայնարձակ  Միությունը  Խորհրդային:  Մարդ  այնպես  խղճահարվում  է,  երբ  ձյունապատ  լեռան  գլխին՝  ժխորից  հեռու,  հանկարծ  լսում  է,  թե  ինչպես  նվվում  են  երկաթի  թելերը  հեռագրի,  ինքդ  էլ ուզում  ես  կանչես,  որ  մեծ  ճամփով  անցնող  գնացքը  մի  օր  էլ  շուռ  տա  ուղին  իր  և  մխրճվի  քնած  լեռնապարն  այս,  լեռները  վախենան,  բազմանան  գործարանները,  խաղաղ  ու  հանդարտ գետահովիտում  այս  վառվեն  հսկա  լապտերները  քաղաքի:

Ամեն  ինչ  դանդաղ  է,  խաղաղ  գավառական  այս  խուլ  անկյունում:  Շտապելու  հարկ  չկա.  կենտրոնից  հեռու  լինելը,  մարդաշատ  քաղաքի  կարիքներին  անհաղորդ  լինելը  ստեղծում  է  անհրաժեշտ միջավայր,  ուր  առատորեն  զարգանում  է  գավառացու  մտավոր  կարճությունը,  նրա  մեղկ  և  կենդանական  կյանքը,  որկրամոլ  և  թուլամորթ  լինելը:  Կատարյալ  քաղքենի,  օրինապաշտ,  պինդ փարած  հնօրյա  ադաթին՝  նավասարդին  ու  ձմռան  երկար  գիշերների  զրույցներին:

Առաջադրանքներ


Ա) Քաղաքին տրված են բնորոշումներ: Տեքստից ընտրեք արտահայտություններ և նախադասություններ, որոնք հաստատում են տվյալ բնորոշումը:

  • Քաղաքն օրինակ է շրջակա գյուղերի համար։
  • Անշտապ է ամեն ինչ այս քաղաքում ու դանդաղ։
  • Քաղաքը շատ է փոքրիկ ու աննկատ։
  • Հեռու է աշխարհի անցուդարձից այս քաղաքը
  • Քաղաքն անկյուն է մտել, որ իրեն աղմուկը չխանգարի։

Բ) Ըստ ձեր ընթերցած  հատվածի՝ ներկայացրեք այս գավառական քաղաքի բնակչին:

Եղջերուի  մահը: Հովհ. Թումանյան

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։

Աշնան  չարագուժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…

Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալար  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  ականթոթափել  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։

Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:

Բ) Համաձա՞յն եք հետևյալ մտքերի հետ: Հիմնավորե՛ք:

  • Պատմվածքի սյուժեն հեքտաքրքիր չէ, չկային իրար հաջորդող բազմազան գործողություններ:
  • Պատմվածքը հիմնված էր հուզականության վրա, առանց սյուժետային գծի զարգացման:
  • Եղնիկի կերպարն ու ապրումները համոզիչ չեն:
  • Պատմվածքի գաղափարը մարդու ու բնության միասնականությունն է, ներդաշնակությունը։

Մայրը:  Հովհ.  Թումանյան

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին։

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները։

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև։

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը։

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել։

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով։

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը։

Առաջադրանքներ

Ա) Ձեզ համոզում են  կամ չեն համոզում  տրված մտքերը:
Ձեր պատասխանները հիմնավորե՛ք:

  • Հիմնավորված չէ հետևյալ տեսարանի հնարավորությունը. «Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։
  •  Պատմվածքը կառուցված է հուզական հիմքի վրա, ոչ թե իրական գործողությունների:
  • Այս տեսարանը հենված է պատահականության սկզբունքի վրա և համոզիչ չէ. « Հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը»։
  • Պատմող հերոսի առկայությունը հիմնավորված չէ։ Դա ոչինչ չի տալիս պատմվածքին։

Բ) Դո՛ւրս գրեք պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է նրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Եղնիկը:  Ավ.  Իսահակյան

«Մի  անգամ  իմ  բարեկամ  մի  որսորդ  մեր  հանդի  անտառուտ  սարերից  մի  եղնիկ  նվեր  բերեց  երեխաներիս  համար»:- Այսպես  սկսեց  ընկերս  աշնանային  մի  երեկո,  երբ  նստած  միասին  նրա  պատշգամբում,  հիացած  նայում  էինք  հեքիաթական  վերջալույսով  վարվռուն  սարերին,  որոնց  վրա  մակաղած  հոտերի  նման  մեղմորեն  հանգչում  էին  ոսկեգեղմ  անտառները:
«Այդ  մի  մատաղ  ու  խարտյաշ  եղնիկ  էր,  խորունկ,  սև  ու  ջինջ  աչքերով,  որ  ծածկվում  էին  երկայն,  նուրբ  թարթիչների  տակ:
Կամաց-կամաց  մեր  վրա  սովորեց  նա.  էլ  չէր  փախչում,  չէր  վախենում  մեզնից.  մանավանդ  շա՜տ  մտերմացել  էր  երեխաներիս  հետ.  նրանց  հետ  միասին  վազվզում  էր  պարտեզում,  նրանց  հետ  ճաշում  էր,  նրանց  հետ  քնում:
Մի  բան  ինձ  շատ  էր  զարմացնում:  Եղնիկը  թեև  այնպես  ընտելացել  էր  մեզ,  սովորել  էր  մեր  տանն  ու  դռանը,  բայց  մեկ-մեկ  մեզնից  թաքուն  բարձրանում  էր  այս  պատշգամբը  և  ուշագրավ,  լռիկ  նայում  էր  հեռու`  անտառներով  փաթաթված  սարերին.  ականջները  լարած  խորասույզ  լսում  էր  անտառների  խուլ  ու  անդուլ  շառաչը,  որ  երբեմն  ուժեղանում  էր,  երբեմն  բարականում`  նայելով  հովերի  թափին:  Նայում  էր  նա  այնպե՜ս  անթարթ  և  այնպե՜ս  ինքնամոռաց,  որ  երբ  պատահում  էր  բարձրանում  էի  պատշգամբը,  ինձ  բավական  միջոց  չէր  նկատում  և  երբ  հանկարծ  ուշքի  էր  գալիս`  նետի  պես  ծլկվում  էր  մոտիցս…
__Արդյոք  գիտե՞ր  նա,  որ  ինքը  ղողանջուն  անտառների  ազատ  երեխան  է  եղել,  որ  մայրը  այնտեղ  է  կաթ  տվել  իրեն,  որ  այնտեղ  է  իր  հայրը  եղջյուրները  խփել  կաղնիներին:  Արդյոք,  գիտե՞ր,  որ  այդ  խուլ  շառաչը  անուշ-անուշ  օրորել  է  իրեն  առաջին  անգամ,  և  ո՞վ  գիտե,  գուցե,  երազներ  է  բերել  իրեն,  սիրուն  երազներ…
__Խե՜ղճ  եղնիկ…  Կարոտ`  իր  սիրած  գուրգուրող  անտառներից  և  զանգակ  աղբյուրներից,  իր  խարտյաշ  մորից  և  շնկշնկան  հովերի  հետ  վազող  ընկերներից`  հիմա  տանջվում,  տառապում  է  մեզ  մոտ,  մտածում  էի  ես:  Եվ  այնպես  սրտանց  ցավակցում  էի  նրան…  Չէ՞  որ  նա  էլ  մեզ  պես  մտածող  և  զգայուն  հոգի  ունի:
__Ես  շատ  էի  հարգում  նրան,  խնդրեմ  չծիծաղես  վրաս,  այո՛,  այնքան,  որ  երբ  նա  բարձրանում  էր  պատշգամբը,  հեռացնում  էի  երեխաներիս,  և  թողնում  էինք  նրան  մենակ  իր  ապրումների  հետ…
__Երբ  գրկում  էի  նրան,  այդ  նազելի  էակին,  և  նայում  էի  լեռնային  աղբյուրների  նման  վճիտ  աչուկների  մեջ`  տեսնում  էի  այնտեղ  մի  թախծալի,  երազուն  կարոտ…
__Մի  գիշեր,-  մի  քամի  գիշեր  էր,-  սարերից  անսանձ  փչում  էր  քամին,  դուռն  ու  պատուհանները  ծեծում  ու  ծեծկում:  Պարզ  լսվում  էր,  որ  այնտեղ,  անտառում,  դարավոր  կաղնիներն  ու  վայրի  ընկուզենիները  ճակատում  էին  հողմի  դեմ`  աղմկում  և  գոռում:  Եվ  քամին  բերում  էր  անընդհատ  անտառի  այդ  լիակուրծք  խշշոցն  ու  մռունչը,  ու  թվում  էր  թե`  հենց  մեր  դռան  առջև  է  աղմկահույզ,  հողմածեծ  անտառը:
__Երեխաներս  վախից  կուչ  էին  եկել.  մինչդեռ  եղնիկը  դողում  էր  մի  խենթ  սարսուռով:  Աչքերը  կայծակին  էին  տալիս:  Անթարթ,  ամբողջովին  լսելիք  դառած`  ականջ  էր  դնում  նա  անտառի  հուժկու  շառաչին,  որ  խոսում  էր  նրա  հետ  մայրենի  լեզվով:
__Անտառը  կանչում  է  նրան,  ընկերների  ազատ  վազքն  է  տեսնում  նա  մթին  թավուտների  մացառուտ  ժայռերն  ի  վեր,-  մտածում  էի  ես:
__Մի  փոքր  հետո  ավելի  սաստկացավ  քամին`  փոթորիկ  դառնալու  չափ.  մեկ  էլ  աղմուկով  բացվեցին  լուսամուտի  փեղկերը,  և  մի  ուժգին  շառաչ  միանգամից  ներս  խուժեց:  Եղնիկը  հանկարծակի  մի  ոստումով  ցատկեց  լուսամուտի  գոգը`  աչքերը  սուզելով  շառաչուն  խավարի  մեջ:  Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…
__Դե՛հ,  հիմա՛  գնա  ու  գտիր  նրան  իր  հայրենի  անծայր  անտառներում…»:

Առաջադրանքներ

Ա) Օգտագործելով պատմվածքի պատկերները՝ նկարագրե՛ք ներկայացված անտառն այնպես, որ Ձեր պատումն ամբողջական լինի:

Բ) Կա՞ հակասություն  պատմող հերոսի նախորդ մտքերի և հետևյալ մտքի միջև: Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը:Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…

Խոհանոցի  ժամացույցը: Վոլֆգանգ Բորխերտ

Նրանք դեռ  հեռվից  նշմարեցին  մոտեցող  կերպարանքը,  քանի  որ  վերջինս  աչքի  էր  ընկնում:  Նա  ծեր  էր  թվում,  բայց  երբ  մոտեցավ,  նկատեցին,  որ  հազիվ    քսան  տարեկան  կլիներ:  Ծերունու  դեմքով  այդ  երիտասարդը  նստեց  նրանց  մոտ՝  նստարանին,  ապա  կողքիններին  ցույց  տվեց  այն,  ինչ  իր  ձեռքում  էր:

-Սա  մեր  խոհանոցի  ժամացույցն  էր,-ասաց  նա,  և  բոլորը,  որ  նստարանին՝  արևի  տակ,  նստած  էին,  հայացքով  հերթով  զննեցին  այն,- գտել  եմ:  Սա  է  միայն  մնացել:

Երիտասարդը,  որ  ծերունու  նման  էր,  ձեռքին  պահել  էր  խոհանոցի  ժամացույցի  սպիտակ  շրջանակը  և  մատներով  շոշափում  էր  կապույտ  ներկված  թվերը:

— Այն  այլևս  ոչ  մի  արժեք  չունի,-  շարունակեց  նա  հանդարտորեն,- ես  դա  գիտեմ:  Այն  նաև  առանձնապես  գեղեցիկ  չէ:  Հիմա  սովորական  ափսեի  նման  է՝  պարզապես  սպիտակ  լաքով  պատված:  Բայց  ես  կարծում  եմ,  որ  կապույտ  թվերը  բավական  գեղեցիկ  տեսք  ունեն:  Սլաքները,  իհարկե,  զուտ  թիթեղյա  են,  սակայն  այլևս  չեն  շարժվում:  Ներսում  ջարդված  է,  դա  անկասկած  է:  Բայց  տեսքը  առաջվա  նման  է,  նույնիսկ  եթե  հիմա  այլևս  չի  աշխատում:

Նա  մատների  ծայրով  մի  զգույշ  շրջան  արեց  ժամացույցի  շրջանակի  երկայնքով:  Ապա  կրկին  ասաց  կամացուկ.

— Միայն  սա  է  մնացել:

Նրանք,  որ  նստարանին՝  արևի  տակ  էին  նստած,  հայացքները  չբարձրացրին:  Նրանցից  մեկը՝  մի  տղամարդ,  աչքը  գցեց  իր  կոշիկներին,  ապա՝  կողքի  մանկասայլակով  կնոջը:  Քիչ  անց  մեկ  ուրիշն  ասաց.

— Դուք  հավանաբար  ամեն  բան  կորցրել  եք:

— Հա՛,  հա՛,- պատասխանեց  երիտասարդը  այնպես,  կարծես  հենց  այդ  հարցին  էր  սպասում,- պատկերացրե՛ք,  ամեն  ինչ:  Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել,- և  կրկին  ձեռքն  առավ  ժամացույցը,  քանի  դեռ  մյուսներին  այն    ծանոթ  չէր  թվացել:

— Բայց  այն  այլևս  չի  աշխատում,- ասաց  կինը:

-Չէ՛,  չէ՛,  դա  ճիշտ  չէ:  Այն  պարզապես  կոտրված  է:  Ես  դա  հաստատ  գիտեմ,  բայց  այն  ամբողջովին  առաջվա  նման  է՝  սպիտակ  ու  կապույտ,- և  նա  նորից  հայացքով  ցույց  տվեց  ժամացույցը:- Իսկ  գիտեք՝  ի՞նչն  է  ամենահետաքրքիրը,-շարունակեց  նա  ոգևորությամբ,- ես  այդ  մասին  ձեզ  դեռ  ոչինչ  չեմ  պատմել: Ամենահետաքրքիրը  դեռևս  առջևում  է.  պատկերացնո՞ւմ  եք,  երկուսն  անց  կեսի  վրա  է  այն  կանգ  առել:  Ուղիղ  երկուսն  անց  կեսի  վրա,  պատկերացնո՞ւմ  եք:

— Հետևաբար  ձեր  տունը,  անկասկած,  երկուսն  անց  կեսին  է  փլվել,-ասաց  տղամարդը  և  մի  ինքնագոհ  շարժումով  ստորին  շրթունքը  առաջ  քաշեց:-Ես  շատ  եմ  լսել,  որ  երբ  ռումբ  է  ընկնում,  ժամացույցները  կանգ  են  առնում:  Դա  ճնշման  հետևանք  է:

Երիտասարդը  հայացքը  հառեց  ժամացույցին  և  մտածկոտ  շարժեց  գլուխը.

-Ո՛չ,  սիրելի՛  պարոն,  ո՛չ:  Դուք  սխալվում  եք:  Դա  ռումբի  հետ  որևէ  կապ  չունի:  Դուք  չպետք  է  ամենը  ռումբի  հետ  կապեք:  Ո՜չ:  Երկուսն  անց  կեսին  մի  բոլորովին  այլ  բան  էլ  է  եղել,  որի  մասին  դուք  դեռ  չգիտեք:  Դա  պարզապես  հետաքրքիր  զուգադիպություն  է,  որ  այն  ուղիղ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել,  ոչ  թե  ասենք  չորսին  կամ  յոթին  մեկ  քառորդ  պակաս:  Ես  միշտ  տուն  էի  վերադառնում  երկուսն  անց  կեսին:  Գիշերները:  Համարյա  միշտ  երկուսն  անց  կեսին:  Դա  պարզապես  զուգադիպություն  է,-նա  նայեց  մյուսներին,  բայց  թվում  էր՝  իր  աչքերը  այլևս  իրեն  չեն  պատկանում,-ես,  իհարկե,  քաղցած  էի  լինում:  Տուն  հասնելուն  պես  անմիջապես  խոհանոց  էի  մտնում:  Դա  սովորաբար  տեղի  էր  ունենում  երկուսն  անց  կեսին  մոտ:  Իսկ  քիչ  անց  մայրս  էր  գալիս:  Ես  ինչքան  էլ  փորձում  էի  դուռը  կամաց  բացել,  նա  միշտ  լսում  էր:  Եվ  մինչդեռ  ես  մութ  խոհանոցում  ուտելու  բան  էի  փնտրում,  նա  վառում  էր  լույսը:  Նա  սովորաբար  իր  բրդյա  ժակետով  և  կարմիր  շալով  էր  լինում:  Եվ  բոբիկ:  Միշտ  բոբիկ  (այդ  ժամանակ  մեր  խոհանոցը  սալիկապատ  էր):  Նա  աչքերը  կկոցում  էր,  որովհետև  լույսը  նրա  աչքերին  ուժեղ  էր  թվում:  Չէ՞  որ  գիշերվա  այդ  ժամին  նա  պետք  է  արդեն  քնած  լիներ:  «Կրկին  այսքա՜ն  ուշ»,-միշտ  ասում  էր  նա:  Այլևս  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Ապա  նա  ինձ  համար  տաք  ընթրիք  էր  պատրաստում  և  նայում,  թե  ինչպես  եմ  ուտում:  Այդ  ժամանակ  նա  անդադար  ոտքերը  իրար  էր  շփում,  քանի  որ  սալիկները  շատ  սառն  էին:  Գիշերվա  ժամերին  հողաթափեր  չէր  հագնում:  Երկար  մնում  էր  ինձ  մոտ  նստած,  այնքան  երկար,  մինչև  վերջացնում  էի  ուտելը:  Ապա  ես  լսում  էի՝  ինչպես  է  նա  ափսեները  իրար  վրա  դարսում,  երբ  իմ  սենյակում  արդեն  լույսը  անջատած  էի  լինում:  Ամեն  գիշեր  հենց  այդպես  էր  լինում:  Եվ  հիմնականում`  երկուսն  անց  կեսին:  Ես  կարծում  եմ՝  ամբողջովին  հասկանալի  է,  որ  նա  գիշերը՝  երկուսն  անց  կեսին,  խոհանոցում  ինձ  համար  ուտելու  բան  էր  պատրաստում:  Ինձ  համար  դա  սովորական  էր:  Նա  միշտ  այդպես  էր  անում:  Եվ  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Նա  ամեն  անգամ  այդպես  էր  ասում:  Ես  չեմ  կարող  դա  այլևս  չլսել:  Այն  ինձ  համար  այնքան  սովորական  է  դարձել:  Ամբողջը  միշտ  հենց  այդպես  էլ  եղել  է:

Նստարանին  նստածները  լուռ  հոգոց  հանեցին:  Ապա  տղամարդը  ցածրաձայն  հարցրեց.

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Նստարանին  նստածները  լուռ  էին:  Ապա  կինը  հարցրեց.

-Իսկ  ձեր  ընտանի՞քը:

Նա  ծիծաղեց  շփոթված.

-Ա՜խ,  Դուք  նկատի  ունեք  ծնողների՞ս:  Հա՜:  Նրանք  էլ  են  կորած:  Ամեն  ինչ  կորած  է:  Պատկերացնո՞ւմ  եք՝  ամեն  ինչ:  Ամեեեն  իիինչ  կորաաած  է:

Նա  շփոթված  ծիծաղեց՝  նայելով  մյուսներին:  Բայց  նրանք  իրեն  չէին  նայում:  Ժամացույցը  կրկին  ձեռքն  առավ  և  դարձյալ  ծիծաղեց:  Ծիծաղեց.

-Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել:  Եվ  ամենահետաքրքիրն  այն  է,  որ  այն  ճիշտ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել:  Ճիշտ  երկո՛ւսն  ա՛նց  կեսի՜ն:

Այլևս  նա  ոչինչ  չասաց:  Բայց  հիմա  ավելի  էր  նմանվել  ծերունու:  Իսկ  կողքին  նստած  տղամարդը  հայացքը  գցեց  իր  կոշիկներին,  բայց  չնկատեց  դրանք.  շարունակ  դրախտ  բառի  մասին  էր  մտածում:

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր: