1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունը առաջինը ճանաչել ու դիվանագիտական կապեր է հաստատել Լիտվայի Հանրապետությունը։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ, 2001-ին ՝ Եվրախորհրդի։ 2012թ. հոկտեմբերին դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ։ 1991թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ-ն ճանաչեց ՀՀ անկախությունը։ Հաջորդ օրը ՀՀ-ն իր հերթին ճանաչեց ՌԴ անկախությունը և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1992թ. ապրիլին։
ՀՀ-ն կարևոր նշանակություն է տալիս իր հարևանների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Թեև 1991թ. դեկտեմբերին Թուրքիան ճանաչեց ՀՀ անկախությունը, բայց նրա հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին։ Շատ կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ Սերտ հարաբերություններ հաստատվեցին հարևան Իրանի հետ։
2019թ. դրությամբ ՀՀ-ն հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 175 երկրների հետ և աշխարհի չորս տասնյակից ավելի երկրներում գործում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ։