Էլեգիա

Վահան ՏերյանՄեռնում է օրը։ Իջավ թափանցիկՄութի մանվածը դաշտերի վրա.Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտԱնդողդոջ կանգնած էլ չի շշնջում,Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,Թախիծս խաղաղ անուրջի նման.Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

Արթուր Կոնան Դոյլ

Արթուր Կոնան Դոյլ մայիսի 22, 1859, Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունում), անգլիացի գրող (ծագումով շոտլանդացի), որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները։ Գրել է նաև պատմական, արկածային և գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ։ Կոնան Դոյլը նաև պիեսների և բանաստեղծությունների հեղինակ է։ Դոյլի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն:

Ապագա գրողի ընտանիքը լուրջ նյութական խնդիրներ ուներ՝ բացառապես հոր տարօրինակ պահվածքի պատճառով. նա ոչ միայն հարբեցողությամբ էր տառապում, այլև ուներ ծայրահեղ անհավասարակշիռ բնավորություն։ Արթուրի դպրոցական կյանքն անցել է Գոդդերի նախապատրաստական դպրոցում։ Երբ տղան դարձավ 9 տարեկան, հարուստ բարեկամներն առաջարկեցին վճարել նրա կրթության համար և նրան 7 տարով սովորելու ուղարկեցին Սթոնիհերստ ճիզվիտական փակ քոլեջ (Լանկաշիր կոմսություն), որը ապագա գրողի մեջ ատելություն առաջացրեց կրոնական ու դասային նախապաշարմունքների, ինչպես նաև ֆիզիկական պատժի նկատմամբ։

Դոյլը արվեստով զբաղվելուն (որին պիտի որ գերապատվություն տար՝ ելնելով իր ընտանեկան ավանդույթներից) գերադասեց բժշկի մասնագիտությունը: Երրորդ կուրսում սովորելիս Դոյլը որոշում է իր ուժերը փորձել գրական ոլորտում։ Նրա առաջին պատմվածքն է «Սեսասսյան հովտի առեղծվածը»:

«Շերլոկ Հոլմսի արկածերը» շարքի առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը, տպագրվել է Strand ամսագրում 1891 թվականին։ Գլխավոր հերոսի նախատիպը, որը հետագայում դարձավ աշխարհահռչակ լրտես-խորհրդատու, Ջոզեֆ Բելլն էր՝ Էդինբուրգի համալսարանի պրոֆեսորը, որը հռչակվել էր մանրագույն դետալներով մարդու բնավորությունն ու անցյալը գուշակելու ունակությամբ։ Երկու տարվա ընթացքում Դոյլը ստեղծում է պատմվածքներն իրար հետևից, և վերջապես սկսեց քաշվել իր իսկ կերտած կերպարից։ Սակայն Հոլմսին պրոֆեսոր Մորիարտիի հետ պայքարում («Հոլմսի վերջին դեպքը», 1893 թ.) «վերացնելու» նրա փորձը հաջողություն չունեցավ,. և նա ընթերցողների կողմից սիրված հերոսին ստիպված էր «վերակենդանացնել»։ Հոլմսյան զենիթը դարձավ «Բասկերվիլների շունը» (1990), որը մտնում է դետեկտիվն ժանրի դասական ցանկի մեջ։

Շերլոկ Հոլմսի արկածներին նվիրված է 4 վեպ՝ «Ալ կարմիր գույներով էտյուդ»-ը, «Չորսի նշան»-ը, «Բասկերվիլների շուն»-ը, «Սարսափի հովիտ»-ը, և հինգ հատոր պատմվածքներ, որոնցից ամենահայտնիներն են՝ «Շերլոկ Հոլմսի արկածները», «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» և «Շերլոկ Հոլմսի վերադարձը»։ Գրողի ժամանակակիցները հակված էին նվազեցնելու Հոլմսի համբավը՝ նրան ներկայացնելով որպես Դյուպենի (Էդգար Ալլեն Պո), Լեկոկի (Էմիլ Հաբորիո) ու Կաֆֆի (Ուիլքի Քոլլինս) ինքնատիպ մի խառնուրդի։ Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ, ակնհայտ դարձավ, որ Հոլմսը զգալի չափով տարբերվում է իր նախորդներից. ինքնատիպ հատկանիշների համադրությունը նրան բարձրացրեց իր ժամանակից էլ վեր և դարձրեց բոլոր ժամանակների ակտուալ կերպար։ Շերլոկ Հոլմսի և իր մշտական օգնական ու կենսագիր բժիշկ Վաթսոնի (Ուոթսոնի) արտառոց համբավը աստիճանաբար աճեց՝ վերածվելով դիցաբանության նոր ճյուղի, որի կենտրոնը մինչ օրս մնում է Լոնդոնի Բեյքեր Սթրիթ 221B տունը։

Ջոան Ռոուլինգ

Ջոան Քեթլին Ռոուլինգ (ամուսնական անունը՝  հուլիսի 31, 1965 Եյթ, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, առավելապես հայտնի է Ջեյ Քեյ Ռոուլինգ գրական կեղծանվանմբ։ Բրիտանական կայսրության (OBE, Order of the British Empire) և Պատվո Լեգեոնի շքանշանակիր է (2009)։ Նրա գրած Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։ 2001 թվականին Ջոան Ռոուլինգը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրցանակ։ Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Նրա գրքերը աշխարհի տարբեր երկրներում գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները։

Ջոանը սիրում էր պատմել հեքիաթներ, իր առաջին պատմությունը գրել է 6 տարեկանում։ Ինը տարեկան հասակում Ջոանը ընտանիքի հետ տեղափոխվել է Տատսհիլ, որը Լոնդոնի մերձակայքում փոքրիկ քաղաք էր։ Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը ընդունվում է Էկզետեր քաղաքի համալսարան՝ ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը, խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն։

1991 թվականին՝ 26 տարեկան հասակում, Ջոանը տեղափոխվել է Պորտուգալիա՝ անգլերեն դասավանդելու։ Այնտեղ նա ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ժորժի Արանտեսի հետ։ 1992 թվականին տեղի է ունեցել նրանց հարսանիքը։ Նույն ժամանակ Ջոանը սկսել է աշխատել Հարրի Փոթերի մասին առաջին գրքի վրա։ 1993 թվականի հուլիսի 27-ին աղջիկ է ունեցել, իսկ դրանից մի քանի ամիս անց ամուսինները ամուսանլուծվել են։ Ջոանը երեխայի հետ վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ բնակվելով քրոջ մոտ Էդինբուրգում։

Շատ չանցած Ջոանը աղջկա հետ տեղափոխվել է իր վարձակալած փոքրիկ բնակարանը։ Դառնալով միայնակ մայր՝ նա ապրել է պետությունից ստացած իր թոշակով, որը հազիվ հերիքում էր միայն ուտելիքի և երեխայի հագուստի համար։ Դրա հետ մեկտեղ, նա շարունակել է գրել։

Հարրի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» լույս է ընծայվում 1997 թվականին «Բլումբերգ» հրատարակչության կողմից, որը մասնագիտացած էր մանկական գրքերի հրատարակման վրա։ Նույն տարում գիրքը ճանաչվում է որպես տարվա լավագույն մանկական գիրք և դառնում բեսթսելեր։ 2000 թվականին Հարրի Փոթերի վիպաշարի առաջին երեք գրքերն արդեն վաճառվել էին 35 000 000 օրինակով, թարգմանվել 35 լեզուներով և հեղինակին բերել 480 000 000 ԱՄՆ դոլար։ Հարրի Փոթերի վիպաշարից վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը լույս է տեսել 2007 թվականին։ Հարրի Փոթերի վիպաշարի բոլոր գրքերով ֆիլմեր են նկարահանվել։

Հարի  Բրաունի նամակը դստերը

Շուտով  Ծննդյան  տոներն  են,  և  ես  նորից  չգիտեմ`  ինչ  նվիրել  քեզ:  Ես  գիտեմ,  որ  դու  սիրում  ես  գրքեր,  խաղեր  ու  շորեր:  Բայց  ես  ուզում  եմ  քեզ  նվիրել  մի  բան,  որը  քեզ  հետ  կլինի  ընդմիշտ:  Այնպիսի  մի  բան,  որը  քեզ  ամեն  Ծննդյան  տոներին  կհիշեցնի  իմ  մասին:  Եվ  ես,  կարծես,  գիտեմ,  թե  ինչ  կարող  եմ  քեզ  տալ:  Մի  պարզ  ճշմարտություն,  որի  մասին  ես  միանգամից  չեմ  իմացել:  Եթե  դա  դու  հիմա  հասկանաս,  այն  քո  կյանքն  ավելի  լավը  կդարձնի:  Դու  ավելի  պաշտպանված  կլինես  խնդիրներից:  Ես  քեզ  նվիրում  եմ  մի  պարզ  ճշմարտություն:

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ—որ  բան  անել  քեզ  համար:

Ինչ  է  դա  նշանակո՞ւմ:  Ինչպե՞ս  կարող  է  այդ  պարզ  ճշմարտությունն  այդքան  կարևոր  լինել:  Հնարավոր  է,  հիմա  այս  ամենը  քեզ  կարևոր  չի  թվում,  բայց  այս  սկզբունքը  կփրկի  քո  կյանքը:  Ոչ  ոք  չի  ապրում  քեզ  համար,  իմ  սիրելի  բալիկ,  որովհետև,  դու  դու  ես,  և  ուրիշ  ոչ  ոք:  Ամեն  մեկն  ապրում  է  իր  համար,  իր  երջանկության  համար:  Եվ  ինչքան  շուտ  դա  հասկանաս,  այնքան  արագ  կազատվես  սպասումից,  որ  ինչ-որ  մեկը  քեզ  կարող  է  երջանիկ  դարձնել:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  քեզ  սիրել:

Եթե  ինչ—որ  մեկը  քեզ  սիրում  է,  ուրեմն`  դու  յուրահատուկ  ես,  դու  նրան  դարձնում  ես  երջանիկ:

Փորձիր  հասկանալ,  թե  այդ  ո՞ր  յուրահատկության  համար  են  քեզ  սիրում  և  ջանքեր  գործադրիր,  որ  սիրեն  ավելի  շատ:  Եվ  եթե  մարդիկ  քեզ  համար  ինչ-որ  բան  են  անում`  միայն  այն  պատճառով,  որ  ուզում  են:  Ուրեմն,  դու  ինչ-որ  մի  պատճառով  թանկ  ես  նրանց  համար:  Բայց  ոչ  այն  պատճառով,  որ  ինչ-որ  մեկը  պարտավոր  է  քեզ  ինչ-որ  բան:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  հարգել  քեզ:  Որոշ  մարդիկ  բարի  էլ  չեն  լինի:  Բայց  հենց  դու  հասկանաս,  որ  մարդիկ  պարտավոր  չեն  լինել  բարի,  կսովորես  խուսափել  մարդկանցից,  որոնք  քեզ  ցավ  են  պատճառում:  Այո,  դու  էլ  քո  հերթին  ոչ  ոքի  համար  ոչինչ  անել  պարտավոր  չես:  Եվ  նորից.  Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Դու  ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:

Այդ  դեպքում  ուրիշներն  էլ  կձգվեն  դեպի  քեզ,  կցանկանան  աջակցել  քեզ,  կիսվել  քեզ  հետ:  Եթե  ինչ-որ  մեկը  չի  ցանկանա  քեզ  հետ  լինել,  խնդիրը  դու  չես  լինի:  Եթե  դա  տեղի  ունենա,  ուրեմն  փնտրիր  ուրիշ  հարաբերություններ,  որոնք  դու  ես  ուզում:  Թող  ուրիշի  խնդիրը  քո  խնդիրը  չդառնա:  Երբ  դու  հասկանաս,  որ  շրջապատի  սիրուն  ու  հարգանքին  պետք  է  արժանանալ,  երբեք  անհնարինը  չես  սպասի  ու  չես  հիասթափվի:  Ուրիշները  չպետք  է  կիսվեն  քեզ  հետ  իրենց  զգացմունքներով,  մտքերով:  Բայց  եթե  դա  անում  են,  ուրեմն  դու  արժանի  ես  դրան:  Դու  կարող  ես  հպարտանալ  քո  ունեցած  սիրով,  ընկերների  հարգանքով,  բայց  մի  մտածիր,  որ  այդպես  էլ  պետք  է  լինի,  այդպես  կարող  ես  շատ  հեշտ  կորցնել  ձեռք  բերածդ:  Նրանք  քեզ  օրենքով  չեն  պատկանում,  այդ  ամենին  պետք  է  արժանանալ:

Իմ  ուսերից  կարծես  քար  ընկավ,  երբ  հասկացա,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  համար  ինչ-որ  բան  անել:  Մինչև  այն  պահը,  երբ  չգիտեի  դա,  ես  չափազանց  շատ  ջանքեր  էի  գործադրում,  երբ  չէի  հասնում  իմ  ուզածին:

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  ինձ  հետ,  սիրել,  ապահովել  իմ  զարգացումը:

Արդյունքում,  իմ  հարաբերությունները  միայն  շահեցին,  ես  սովորեցի  լինել  մարդկանց  հետ,  որոնց  հետ  ուզում  եմ  լինել,  և  անել  այն  ամենը,  ինչ  ուզում  եմ:  Այդ  ընկալումն  ինձ  տվեց  ընկերներ,  գործընկերներ,  սիրելիներ,  պոտենցիալ  հաճախորդներ:  Այն  ինձ  միշտ  հիշեցնում  է,  որ  իմ  ուզածը  ստանալ  կարող  եմ,  եթե  հաջողվի  ուրիշ  մարդու  համար  լսելի  դառնալ:  Ես  պետք  է  հասկանամ,  թե  ինչ  է  նա  զգում,  ինչն  է  նրա  համար  կարևոր,  ինչ  է  նա  ուզում:  Միայն  այդ  դեպքում  ես  կհասկանամ`  ուզո՞ւմ  եմ  այդ  մարդու  հետ  կապ  ունենալ,  թե՞  ոչ:  Դժվար  է  երկու  բառով  բացատրել,  թե  ինչ  եմ  սովորել  այս  տարիների  ընթացքում:  Բայց  գուցե  ամեն  Տոնին  դու  կարդաս  այս  նամակը  ու  ամեն  անգամ  ավելի  ու  ավելի  շատ  բան  հասկանաս:  Հուսով  եմ,  այդպես  էլ  կլինի,  որովհետև  պետք  է,  որքան  հնարավոր  է,  շուտ  հասկանալ.  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Առաջադրանքներ
Ա) Բացատրե՛ք մտքերից յուրաքանչյուրն ըստ ստեղծագործության․ համաձա՞յն եք դրանց հետ, թե՞ ոչ։ Հիմնավորե՛ք։

  • Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:
  • Եթե  ինչ-որ  մեկը  քեզ  սիրում  է,  ուրեմն`  դու  յուրահատուկ  ես,  դու  նրան  դարձնում  ես  երջանիկ:
  • Դու  ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:
  • Ոչ  ոք  պարտավոր  չէ քեզ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  քեզ հետ,  սիրել,  ապահովել  քո  զարգացումը:

Բ) Բնութագրե՛ք նամակի հեղինակին ՝ ըստ իր ներկայացրած մտքերի։

Բան  ունեմ  ասելու:  Վ. Սարոյան (հատված)

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործն    էսօրվանից:

Առաջադրանքներ

Ա) Քննարկե՛ք հետևյալ մտքերը․

  • Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․
  • Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:
  • Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար: 
  • Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

Բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական: Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Առաջադրանքներ

Ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:

ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է: 

Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:

Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Բ) Մեկնաբանե՛ք պատումի վերնագիրը ․«Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական»։ Ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել  Պենակի այս պատումի վերաբերյալ։

Կարմիր  գլխարկը  մարսեցու  տեսանկյունից :  էրիկ  Բերն

Մի  անգամ  մայրը  Կարմիր  Գլխարկին  ուղարկեց  անտառում  ապրող  տատիկին  կարկանդակներ  տանելու։  Ճանապարհին  աղջիկը  գայլի  հանդիպեց։  Հարց․  այդ  որ  մայրը  կուղարկեր  փոքրիկ  աղջկան  անտառ,  ուր  գայլեր  են  ապրում։  Ինչու՞  նա  ինքը  չտարավ  ուտելիքը,  կամ  չգնաց  աղջկա  հետ։  Եթե  տատիկն  այդքան  անօգնական  էր,  ինչու՞  էր  մայրը  թողել  նրան  միայնակ  ապրել  հեռավոր  խրճիթում։  և   եթե  աղջիկն  այնուամենայնիվ  պետք  է  գնար,  ինչու՞  մայրը  նրան  չի  արգելում  խոսել  գայլերի  հետ։  Այս  պատմությունից  կարելի  է  ենթադրել,  որ  Կարմի  Գլխարկին  ոչ  ոք  հավանական  վտանգի  մասին  չէր  զգուշացրել։

Ոչ  մի  մայր  իրական  կյանքում  այսքան  անհոգ  չէր  լինի,  այդ  իսկ  պատճառով  տպավորություն  է  ստեղծվում,  որ  աղջիկը  բացարձակ  չէր  հետաքրքրում  նրան  կամ  որ  մայրը  ցանկանում  էր  նրանից  ազատվել։

Միևնույն  ժամանակ  դժվար  թե  երբևէ  գտնվի  մեկ  այլ  այսքան  հիմար  փոքրիկ  աղջիկ։  Ինչպե՞ս  կարող  էր  նա,  տեսնելով  գայլի  աչքերը,  ականջները,  թաթերն  ու  ժանիքները,  մտածել,  որ  դիմացն  իր  տատիկն  է։  Ինչո՞ ւ միանգամից  չփախչել։  Եվ   այդ  ի՞նչ  փոքրիկ  աղջիկ  էր,  որ  հետո  օգնում  էր  գայլի  փորը  քարերով  լցնել։  Համենայն  դեպս,  ցանկացած  լավ  աղջիկ  գայլի  հետ  զրուցելուց  հետո  ծաղիկներ  չէր  հավաքի  և   կմտածեր․  «սա  հաստատ  իմ  տատիկին  ուզում  է  ուտել,  արագ  վազեմ  օգնության  հետևից»։

Նույնիսկ  տատիկն  ու  որսորդը  զերծ  չեն  կասկածանքներից։  Եթե  այս  պատմությանը  նայենք  որպես  իրական  հերոսներով  դրամայի,  ապա  կնկատենք,  թե  ինչպիսի  կոկիկությամբ  են  նրանց  անհատականությունները  միմյանց  հետ  կապվում։

ա․  մայր,  ով  հավանաբար  ձգտում  է  ազատվել  աղջկանից  «դժբախտ  պատահարի»  միջոցով,  որպեսզի  պատմության  վերջում  կարողանա  բողոքել,շ․ «Միթե  ահավո՞ ր  չէ,  նույնիսկ  անտառ  չես  կարող  գնալ,  առանց  մտածելու,  որ  ինչ-որ  մի  գայլ․․․»

բ․  գայլ,  ով  նապաստակներ  և   այլ  կենդանիներ  ուտելու  փոխարեն  միանշանակ  իր  հնարավորություններից  բարձր  է  ապրում։  Նա  կարող  էր  գուշակել,  որ  ինքն  իր  գլխին  փորձանք  է  բերում  և   որ  վերջը  վատ  է  լինելու։  Նա  հավանաբար  երիտասարդ  ժամանակ  Նիցշե  էր  կարդացել  (եթե  նա  կարողանում  է  խոսել  և   գլխարկ  գործել,  ինչո՞ ւ  չկարդալ)։  Գայլի  կարգախոսն  է․  ապրիր  վտանգներով  լի  և   մահացիր  փառքով։

գ․  տատիկ,  ով  ապրում  է  մենակ,  սակայն  չգիտես  ինչու,  դուռը  փակ  չի  պահում։  Նա  հավանաբար  ինչ֊-որ  արկածների  հույս  ունի,  այնպիսի  մի  բանի,  ինչ  չէր  կարող  լինել,  եթե  նա  բարեկամների  հետ  ապրեր։  Գուցե  հենց  այդ  պատճառով  էլ  նա  չի  ցանկանում  միասին  կամ  նրանց  հարևանությամբ  ապրել։  Տատիկը  բավականին  երիտասարդ  կին  է  թվում,  չէ՞   որ  նա  այդքան  փոքր  թոռնուհի  ունի։  Իսկ  ինչո՞ ւ արկածներ  չփնտրել։

դ․  որսորդ,  ով,  հավանաբար,  այն  փրկարարներից  է,  ում  դուր  է  գալիս  փոքրիկ  աղջիկների  հետ  միասին  պարտված  հակառակորդին  պատժել։  Մեր  դիմաց  ակհայտ  դեռահասական  պատկեր  է։

ե․  Կարմիր  Գլխարկ․  գայլին  հայտնում  է,  թե  որտեղ  կարող  են  նորից  հանդիպել,  և   անգամ  նրա  ծոցն  է  մտնում։  Նա  բացահայտ  խաղեր  է  խաղում  գայլի  հետ։  Նրա  համար  այդ  խաղն  այս  անգամ  հաջող  ավարտ  է  ունենում։

Այս  հեքիաթում  յուրաքանչյուր  հերոս  ձգտում  է  գործողության  ամեն  գնով։  Եթե  արդյունքը  վերցնենք  այնպիսին,  ինչպես  իրականում  է,  ապա  ընդհանուր  առմամբ  այս  ամենը  բանսարկություն  է,  որի  ծուղակն  ընկնում  է  դժբախտ  գայլը։  Նրան  թողել  են  երևակայել,  որ  շատ  խորամանկ  է  և   կարող  է  բոլորին  ֆռռացնել։  Եվ  այդ  դեպքում,  հեքիաթի  իմաստը  գուցե  նրանում  չէ,  որ  փոքրիկ  աղջիկները  պետք  է  հեռու  մնան  անտառներից,  որտեղ  գայլեր  են  ապրում,  այլ  այն,  որ  գուցե  գայլերին  է  պետք  հեռու  մնալ  անմեղ  թվացող  փոքրիկ  աղջնակներից  և   նրանց  տատիկներից։  Կարճ  ասած՝  գայլին  չի  կարելի  անտառով  մենակ  զբոսնել։  և   ևս  մեկ  հետաքրքիր  հարց,  որ  առաջանում  է․ի՞նչ  էր  անում  մայրը  աղջկան  մի  ամբողջ  օրով  տատիկի  տուն  ուղարկելով։

Եթե  ընթերցողն  այս  վերլուծությունը  ցինիզմ  համարի,  ապա  խորհուրդ  կտանք  նրան  պատկերացնել  Կարմիր  Գլխարկին  իրական  կյանքում։  Գլխավոր  պատասխանն  այս  հարցի  մեջ  է․  ի՞նչ  է  դառնալու  Կարմիր  Գլխարկն  ապագայում  այսպիսի  մորով  և   նման  փորձով։

Առաջադրանքներ

ա) Ո՞րն է պատմվածքի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում․

  • հումորը,
  • ենթատեքստային արտահայտությունները

հարցադրումների անսպասելիությունը

  • հարցադրումների տրամաբանվածությունը
  • հեքիաթի քննարկման նոր մոտեցումը։

բ) Ինչո՞ւ է պատմվածքը վերնագրված «Կարմիր  գլխարկը  մարսեցու  տեսանկյունից»: Ձեր ընտրած հեքիաթներից մեկը ներկայացրե՛ք մարսեցու տեսանկյունից։

Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան  հնդիկների  հեքիաթներից)

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ


Ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

Բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:  Նադեր Էբրահիմի 

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Առաջադրանքներ


Ա) Մեկնաբնե՛ք հետևյալ մտքերը․

  • Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
  • Երբ  հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
  • Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց
  • Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
  • Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…

Բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
  • Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։
  • Սրտում կարող է իշխել միայն սերը։

Նամակ  դստերը։ Ֆրենսիս  Սքոթ  Ֆիցջերալդ

Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:

Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:  Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:  Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:  Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
Սիրում  եմ  քեզ՝  Հայրիկ:

Առաջադրանքներ


Ա) Դո՛ւրս գրեք այն նախադասությունները, որոնք համապատասխանում են հետևյալ մտքերին․

  • ապրի՛ր ներկայով
  • մի՛ մտածիր, թե հետո ինչ կլինի
  • մի՛ կարևորիր ուրիշի կարծիքը
  • վախկոտ մի՛ եղիր
  • անելիքիդ լո՛ւրջ մոտեցիր։


Բ) Դո՛ւրս գրեք նախադասություններ, որոնք գրված մտքերին հակասում են․

  • Պետք չէ մտածել՝ ուրիշներից լա՞վն ես, թե՞ վատը։
  • Մի՛ կարևորիր, թե ինչպես ես տիրապետում  սեփական մարմնիդ։
  • Երջանկությունն ու դժբախտությունն են որոշում քո կյանքի ընթացքը։

Կարևոր չէ, թե ինչպես ես հաղորդակցվում մարդկանց հետ