Սիրել Բաց աչքերով։ Խորխե Բուկայ

Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:

Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի  կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝  հետները տանելով անգին հեղուկը:

Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:

Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝  վնասի չափը նվազեցնելու համար:

Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը:

Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
— Է՛յ…է՜յ:
— Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
— Ես եմ:
Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
— Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:
— Ինձ թվոմ է՝  եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
— Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ  արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:
— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:

Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
— Քաղաք,-պատասխանեց անոթը:
— Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:
— Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
— Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝  ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝  չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
— Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝  ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:

Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը:

 Առաջադրանքներ

Ա.  Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

Բ,  «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում: Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի:

Փոքրիկ դրախտ։ Դինո Բուցատի

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն: Պատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Առաջադրանքներ

Ա ․Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.

  • իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,
  • իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,
  • այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,
  • իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:

Բ․ Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

Չեմ կարողացել․ չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա։ Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:

Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին:

Առաջադրանքներ

Ա․ Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը․

Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:

Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»,

Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:


Բ․ Ցո՛ւյց տվեք ստեղծագործության Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա վերնագրի կապը հեղինակի ասելիքի հետ: 

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Առաջադրանքներ

Ա․Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

Բ․ Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք::

Կամուրջը։ Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից:

Առաջադրանքներ

Ա․ Ընտրե՛ք և մեջբերումներով հիմնավորե՛ք այն նկարագրությունները և բնութագրումները, որոնք վերաբերում են կամրջին.

  • փոքրիկ ձորակի վրա էր գցված,
  • գերան էր, չուներ բազրիքներ
  • չարամիտ էր և դավադիր
  • մարդասեր էր և բարյացակամ


Բ․ «Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ»: Ի՞նչ կպատասխանեք կամրջին: Հիմնավորե՛ք պատասխանը:

Պայքար առանց կատաղության։ Օշո

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Առաջադրանքներ


Ա․ Քննարկե՛ք հետևյալ հատվածները.

  • Պայքարեք՝մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:
  • Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:

Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը։

Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Առաջադրանքներ

Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։

Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․

  • աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
  • քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,,
  • ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

Ծառերը։ Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ

Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների  փոխաբերական իմաստը․

  • ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։
  • Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
  •  Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
     

Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։
Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։

 Քո կյանքի ժամերը։ Վիլյամ Սարոյան /հատված/

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Առաջադրանքներ

Ա․ Ինչպիսի՞ աշխարհայացք  է ներկայացված հատվածում։ Ներկայացրե՛ք ձեր վերաբերմունքն այդպիսի մոտեցմանը։

Բ․Բացատրե՛ք հետևյալ միտքը․,, Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա,,:

Գ․Շարադրե՛ք Ձեր աշխարհայացքը՝ փորձելով հավատարիմ մնալ ներկայացված հատվածի ոճին։

5․ Քո կյանքի ժամերը։ Վիլյամ Սարոյան 

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Առաջադրանքներ

Ա․ Ինչպիսի՞ աշխարհայացք  է ներկայացված հատվածում։ Ներկայացրե՛ք ձեր վերաբերմունքն այդպիսի մոտեցմանը։

Բ․Բացատրե՛ք հետևյալ միտքը․,, Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա,,:

Գ․Շարադրե՛ք Ձեր աշխարհայացքը՝ փորձելով հավատարիմ մնալ ներկայացված հատվածի ոճին։