Հոգեբանական երևույթները մարդկանց հետաքրքրել են դեռևս հնագույն ժամանակներից, սկսած մարդու և հասարակության զարգացման այն շրջաններից, երբ ծագեց գիտակցությունը: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին հայտնի հոգեբան՝ Հերման Էբինգհաուզը նկատեց, որ հոգեբանությունը ունի երկարատև անցյալ, բայց կարճատև պատմություն: Հոգեբանական հարցերը սկզբնական շրջանում քննարկվել են փիլիսոփայության շրջանակներում, միայն 19-րդ դարի երկրորդ կեսից հոգեբանությունը առանձնացվեց փիլիսոփայությունից և դարձավ առանձին գիտություն:
Հոգեբանության զարգացման պատմությունը պայմանականորեն կարելի է բաժանել չորս փուլի՝
- Հոգեբանությունը որպես գիտություն հոգու մասին
Հոգեբանության նախապատմությունը սկսվում է անտիկ ժամանակներից, երբ փիլիսոփաները իրենց աշխատություններում փորձում էին պարզել հոգու բնույթը։ Հոգեբանության ուսումնասիրումը փիլիսոփայական համատեքստում գալիս է Եգիպտոսի, Հունաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Պարսկաստանի հնագույն քաղաքակրթություններից։
- Հոգեբանությունը որպես գիտություն գիտակցության մասին
Առաջանում է 17-րդ դարում՝ կապված բնական գիտությունների զարգացման հետ։ Մտածելու, զգալու ունակությունները անվանում էին գիտակցություն։ Ուսումնասիրման հիմնական մեթոդ է համարվում ինքնադիտումը և փաստերի նկարագրությունը։
- Հոգեբանությունը որպես գիտություն վարքի մասին
Առաջանում է 20-րդ դարում։ Այս փուլում կենտրոնական խնդիր է հանդիսանում փորձարարական հետազոտություններ իրականացնելը և այն ամենին հետևելը, ինչը կարելի է դիտել անմիջականորեն (վարքը, արարքները, մարդկանց ռեակցիաները)։
- Ժամանակակից փուլ
Հոգեբանությունը հանդես է գալիս որպես գիտություն, որն ուսումնասիրում է հոգեկանի օբյեկտիվ օրինաչափությունները, դրսևորումները և մեխանիզմները:
Հոգեբանություն (փսիխոլոգիա) հասկացությունը ունի հունական ծագում: Այն բաղկացած է “փսյուխե”- հոգի և “լոգոս”-գիտություն արմատներից: Այսինքն՝ հոգեբանություն նշանակում է գիտություն հոգու մասին:

Հոգեբանության սիմվոլը հունական ψ /փսի/ տառին նմանվող նշան է, որի երկու կողմերում մարդկային գլուխներ են, կամ կենտրոնում օձեր և սուր:
Սակայն գոյություն ունի սիմվոլի ծագումնաբանության 2 վարկածներ.
- Այն խորհրդանշում է հենց սատանայի եռածայր սուրը, քանի որ հնագույն ժամանակներում հոգեկան խնդիրները համարվում էին սատանայի ձեռքի գործը, իսկ հոգեբանությունը սատանայական զբաղմունք էր:
- Իրական վարկածի համաձայն այն առաջացել է հունական նախավերջրն ψ /փսի/ տառից, որը նաև հունական առաջին բառն է, և նշանակում է հոգի և խելք: Այստեղից էլ հոգեբանություն տերմինը:
Հոգեբանությունը գիտություն է մարդու մասին, և նրա ուսումնասիրության օբյեկտը մարդն է: Այն ուսումնասիրում է մարդու հոգեկանը, հոգեկան գործունեությունը, հոգեկան ակտիվությունը և դրա ձևավորման, դրսևորման օրինաչափություններն ու մեխանիզմները: Այսինքն, հոգեբանության խնդիրն է ուսումնասիրել մարդու ներաշխարհում կատարվող երևույթները,, ինչպես նաև նրա վարքն ու մարդկանց հետ ունեցած հարաբերություններում ծագող հոգեկան երևույթները:
Վարքագիծը հայելի է, որի մեջ յուրաքանչյուրն իր դեմքն է ցույց տալիս: Գյոթե
Հոգեբանություն ուսումնասիրում է երևույթների շատ լայն շրջանակ: Ահա թե ինչու հոգեբանության շրջանակներում առաջացել են մի շարք բնագավառներ:
Ընդհանուր հոգեբանություն
Այն ուսումնասիրում է հոգեբանության հիմնական սկզբունքները և փիլիսոփայական հիմքերը, մեթոդներն ու բնագավառների մասին պատկերացումները: Ավանդաբար ընդհանուր հոգեբանության մեջ են մտնում իմացական գործընթացների՝ զգայությունների և ընկալումների, հիշողության, մտածողության և երևակայության հարցերը, անձի հոգեբանության հիմնական խնդիրները:
Անձի հոգեբանություն
Այս բնագավառում աշխատող մասնագետներին հետաքրքրում են մարդու վարքի ներքին դրդապատճառները, մարդկանց անհատական տարբերությունները, տիպերը, անձի ինքնապաշտպանական մեխանիզմները և բազմաթիվ այլ հարցեր:
Տարիքային հոգեբանություն
Տարիքային հոգեբանությունն ուսումնասիրում է տարբեր հոգեկան գործընթացների և անձի հոգեբանական կողմերի, որակների օնթոգենետիկական զարգացումը (օնթոգենեզը): Այս բնագավառի ուսումնասիրության օբյեկտն են մանկության, պատանեկության, երիտասարդության, հասուն տարիքի և ծերունական տարիքի հոգեբանական առանձնահատկությունները:
Մանկավարժական հոգեբանություն
Մանկավարժական հոգեբանությունը ուսումնասիրում է անձի ձևավորման և զարգացման օրինաչափությունները ուսուցման և դաստիարակության գործընթացներում: Ինչպե՞ս սովորեցնել և դաստիարակել երեխաներին, հաշվի առնել նրանց տարիքային և անհատական առանձնահատկությունները:
Սոցիալական հոգեբանություն
Սոցիալական հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու անձի սոցիալ-հոգեբանական դրսևորումները, շրջապատի, խմբի հետ նրա փոխհարաբերությունները, մարդկանց հոգեբանական համատեղելիությունը, սոցիալ-հոգեբանական դրսևորումները մեծ խմբերում (ռադիո, մամուլ, նորաձևություն, հեռուստատեսություն և այլն):
Բժշկական/կլինիկական հոգեբանություն
Կլինիկական հոգեբանությունը ուսումնասիրում է հոգեբանական երևույթները՝ հիվանդությունների հետ կապի տեսանկյունից: Կլինիկական հոգեբանության ոլորտը ներառում է հոգեկան առողջության ախտորոշում, հոգեբանաֆիզիոլոգիական խնդիրների հասկացման գիտական հետազոտությունների կազմակերպում և անցկացում, հոգեբանական շտկման անցկացում և գնահատում:
Ախտաբանական հոգեբանություն/ հոգեբուժություն
Ախտաբանական հոգեբանությունը ուսումնասիրում է հոգեկանի զարգացման շեղումները, հոգեկանի դեգրադացիան (քայքայումը) ուղեղային տարբեր վնասվածքների (պաթոլոգիաների) դեպքում:
Իրավաբանական հոգեբանություն
Իրավաբանական հոգեբանությունը ուսումնասիրում է քրեական պրոցեսի մասնակիցների վարքի հոգեբանական առանձնահատկությունները, հանցագործի անձի ձևավորման հոգեբանությունը և այլն:
Զինվորական/ռազմական հոգեբանություն
Զինվորական հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու հոգեբանությունը մարտական գործողությունների և զինծառաության ընթացքում զինվորի, հրամանատարի, կոլեկտիվի (միավորում, ստորաբաժանում) վարքի առանձնահատկությունները, նրանց ռազմատեխնիկական և բարոյաքաղաքական պատրաստության հոգեբանական պայմաններն ու նախադրյալները։
Աշխատանքի հոգեբանություն
Աշխատանքի հոգեբանությունը ուսումնասիրում է մարդու հոգեկանը (հոգեկան գործընթացները, հոգեկան վիճակները, անձի անհատական հոգեբանական առանձնահատկությունները) աշխատանքային գործունեության ընթացքում` նպատակ ունենալով բարձրացնելու աշխատանքի արտադրողականությունը և միաժամանակ ձևավորելու մասնագիտական առումով անձի կարևոր որակները:
Աշխատանքի հոգեբանության խնդիրն է դառնում յուրաքանչյուր մասնագիտության համար ստեղծել համապատասխան մասնագիտական գործունեության կառուցվածք, որը հոգեբանորեն կհամապատասխանի և կապահովի տվյալ ոլորտում զբաղվող անձանց հոգեբանական ներդաշնակությունը իրենց աշխատանքային գործունեության ընթացքում: